Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների 84,53 տոկոս։ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն է, ով այս պահին ստացել է 51,41 տոկոս ձայն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»։ Այս մասին տեղեկանում ենք jnews.ge լրատվական կայքից:
Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին է, ով ստացել է 17,53 տոկոս ձայն։
Նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին ստացել է 16,33 տոկոս ձայն։
«Բաքրաձե, Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» բլոկի թեկնածու Ելենա Խոշտարիան ստացել է 6,96 տոկոս ձայն։
«Վրաստանի հայրենասերների ալյանսի» թեկնածու Իրմա Ինաշվին ստացել է 2,97 տոկոս ձայն։
Ներկայումս Վրաստանի ԿԸՀ-ն հաշվարկել է 737 ընտրատեղամասերից 620-ի տվյալները։
Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Քութայիսիում, տեղի կունենա քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ։
Ներկայումս իշխող «Վրացական երազանքի» կողմից Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Չիգվարիան ստացել է ձայների 48,87 տոկոսը։ Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժման» թերկնածու Գրիգոլ Վաշաձեն է՝ 27,18 տոկոս ձայներով։
Բացի այդ, ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ 4 տեղական ինքնակառավարման տարածքներում։ Մասնավորապես, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգետիում եւ Մարտվիլիում ոչ մի թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների 50 տոկոսից ավելի քվեն։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունեցել 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ 64 սակրեբուլոների ընտրություններ։ Նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով։