Պաշտոնից ազատում՝ սոցիալական ապահովության պետական ծառայությունում

Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Այս մասին Իրավաբան.net -ի հետ զրույցում նշեց հենց Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝  այն մարդիկ, ովքեր չեն կարողանում ծառայություն մատուցող կազմակերպության սկզբունքներով աշխատել, ապա նրանք տեղ չունեն սոցիալական ապահովության պետական ծառայությունում:

«Հավաքարարից մինչև տարածքային բաժնի պետերին ներկայացնում եմ մեր մոտեցումը, մեր ղեկավարության՝ երկրի նախագահի մոտեցումները: Մենք ծառայություն մատուցող կազմակերպություն ենք, մեր սկզբունքները լավ ծառայություն մատուցելն է տատիկ, պապիկներին: Մենք հետևողական ենք լինելու, չարաշահումներն ու բացթողումները չենք ներելու»,-նշեց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ նա սկզբունքները ներկայացնում է ու մարդկանցից էլ պահանջում է, որպեսզի այդ պահանջներին նրանք էլ հետևեն:

«Հիմա եթե մարդիկ կան, որ զգում են, որ այդ ճանապարհը մենք իրար հետ չենք կարող գնալ, ապա, փառք Աստծո, լավ կադրեր մենք ունենք, որոնք պատրաստ են այդ սկզբունքներով աշխատել»,-ասաց նա:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել