Ընտանեկան բռնության կանխարգելման մասին այս օրինագծին եկեղեցին կողմ է: ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ նշելով, որ օրինագծեր են եղել, որոնց եկեղեցին էլ է դեմ եղել, օրինակ՝ այլընտրանքային ծառայությանը, սակայն պետությունը այն պարտավոր չէ ընդունել որպես դոգմա:
«Այսքան տարի ապրել ենք առանց նման օրենքի, կարող ենք դարձյալ ապրել, խնդիր չկա: Կարող ենք նաև ապրել առանց Սահմանադրության, բայց ունենք Սահմանդրություն»,-նշեց հոգևորականը:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ հենց հոգևորականներն էլ այս օրենքի չգոյության պայմաններում շատ լուրջ պրոբլեմներ են ունենում. «Շատ հաճախ մենք գիտենք հանցագործության մասին և այդ հանցագործության մասին որևէ մեկին հայտնել չենք կարող: Եթե նույնիսկ ուզում ենք հայտնել ոստիկանությանը, որովհետև կինը չի դիմում, բայց ոստիկանությունն որևէ լծակ չունի՝ բռնությունը կանխելու համար»:
Քահանան նաև նշեց, որ սա էլ եվրոինտեգրմանն ուղղված քայլերից է և որ օրենք ունենալը ոչ թե պիտի խանգարի, այլ պիտի օգնի. «Եթե ընթացքում տեսնենք, որ օրենքը ունի թյուրըմբռնումներ և դժվարանում է այն կիրառել քաղաքացու համար, ապա անշուշտ պետք է կատարվեն այն բոլոր լրացումները օրենքի մեջ, որոնք անհրաժեշտ են»: