Քննարկվել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի խորհրդի անդամ, «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Երեւանում եւ հանրապետության մի շարք մարզերում 2016 թվականին իրականացել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիտորինգ եւ բացահայտել օրենքի կիրառման մի շարք խախտումներ:

Նա նշել է, որ օրենքն արգելում է մանկական սննդի ցանկացած գովազդն ու խրախուսումը, կաթ արտադրող ընկերությունների կողմից կազմակերպված կոնֆերանսները, դրամական հատկացումները, բուժհաստատություններին որեւէ սարքավորում տրամադրելը եւ այլն:

Սուսաննա Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ մոնիթորինգի ընթացքում դիտորդներն օրենքի խախտումներ են արձանագրել ծննդատներում, մանկական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, ինչպես նաեւ՝ մանկական սննդի եւ հարակից ապրանքների պիտակներին:

«Վստահություն» կազմակերպության նախագահն առաջարկել է արձանագրված խախտումների հիման վրա կիրառել օրենքով նախատեսված պատժամիջոցները, արգելել առանց համապատասխան պիտակավորման մանկական սննդի եւ հարակից ապրանքների իրացումը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ խրախուսում է երեխաներին միայն կրծքով կերակրելը եւ կարծում է, որ ապագա մայրերը պետք է հստակ գիտակցեն դրա առավելությունները:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել Հայաստան ներմուծվող կաթնախառնուրդների վրա, իսկ արձանագրված բոլոր խախտումների դեպքում սահմանել եւ կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

Ամփոփելով քննարկումը՝ Հակոբ Հակոբյանը մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր տեսքով ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել