ՀՔԾ վարույթ են ընդունվել ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով հարուցված քրեական գործեր

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:

Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել և վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված և վաճառված «Ford transit»-ը գույքագրելու և արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես,  պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ և անձնային կեղծ տվյալներ, որի հետևանքով չի բռնագանձվել ամիսներով կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում ևս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել