Գործադիրն այսօրվա նիստի ժամանակ ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ այդմ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի թիվ 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումը: Որոշմամբ նախատեսվում է օբյեկտները նվիրաբերել այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում վերջիններս գտնվում են:
Դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերոնշյալ օբյեկտները համայնքներին նվիրաբերելը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հետևել դրանց կառավարման ընթացքին՝ հետագայում խնդիրներ չունենալու համար: Անդրադառնալով ահմանամերձ բնակավայրերը գազով ապահովելուն՝ վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները, այդ թվում այլընտրանքային, մասնավորապես՝ արևային էներգետիկայի տարբերակը: