ՀՀ Ոստիկանությունը «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» կիրառման վերլուծությունը նպատակահարմար չի համարում

ՀՀ Ոստիկանությունը մինչ ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունները մշակեց և հանրային քննարկման ներկայացրեց «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» նախագիծ, որով սահմանվում են ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների լիազորություններն ու պարտականությունները:

ՀՀ Ոստիկանության նախաձեռնությամբ 2017 թ. փետրվարի 2-ին կազմակերպված հանրային քննարկման ժամանակ Ուղեցույցի նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին քաղհասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ուղեցույցն ավելի ուշ հաստատվեց և կիրառվեց ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Հաստատված Ուղեցույցի համաձայն`  ոստիկանները ընտրությունների և քվեարկության ժամանակ արձանագրված խախտումները պետք է գրառեին իրենց «Ծառայողական գրքույկներում»: Ուղեցույցը սահմանում էր նաև ոստիկանների գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու մեխանիզմ, որի  նպատակով ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվեց օպերատիվ շտաբ:

Երկու ընտրություններից անցել է արդեն չորս ամիս, այդ ընթացքում տեղի են ունեցել նաև տեղական ընտրություններ, սակայն ՀՀ Ոստիկանությունը չի անդրադարձել իր իսկ կողմից հաստատված Ուղեցույցի կիրառման ընթացքում բացահայտված կամ արձանագրված թերություններին: Գուցե Ուղեցույցը արդյունավետ փաստաթուղթ է, և որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա: Սակայն նույնիսկ այս կտրվածքով որևէ գնահատական տրված չէ ՀՀ Ոստիկանության կողմից:

Այն նախաձեռնողականությունը, որին ականատես եղանք մինչ Ազգային ժողովի ընտրությունները՝ Ուղեցույցի մշակման, նրա նախագծի հանրային քննարկման ժամանակ, չենք տեսնում հետընտրական ժամանակահատվածում:

ՀՀ Ոստիկանությունը ոչ միայն ոստիկանների՝ Ուղեցույցով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել, այլև չի փորձել Ուղեցույցի կիրառման, դրա արդյունավետության վերաբերյալ արձագանքներ ստանալ քաղաքացիական հասարակությունից:

Պարզ չէ՝ որևէ  վերլուծություն կատարվել է, թե ոչ,  և արդյոք գնահատվել է Ուղեցույցի կիրառման ընթացքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հուլիսի 10-ին նշված հարցերի  վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմեց  ՀՀ Ոստիկանություն: Տեղեկատվական հարցմամբ ակնկալում էինք ստանալ Ուղեցույցի կիրառման վերաբերյալ իրականացված վերլուծության,  «Ծառայողական գրքույկներում» գրառված խախտումների բնույթի, տեսակի, նրանց ուղղությամբ ոստիկանների իրականացված գործողությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել