«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի հետ ևս 5 անձ է ձերբակալվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական և անհետաձգելի քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել