ՎիվաՍելլ ՄՏՍ կապի և հեռահաղորդակցության օպերատորը հայտարարություն է տարածել ուսանողների համար, որում ասվում է.
«Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. նոյեմբերի 01-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:
Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:
Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները,
- Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն,
- Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ,
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Դրական մոտեցում/էնտուզիազմ,
- Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
- Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:
Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:
Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը Ձեր դիմումներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը»: