Բժշկական համակարգի հաշտարարի հայեցակարգը` հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` Խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորությամբ:

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի քննարկումը և Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգի նախագիծը:

         ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբական վարչության պետ Էմին Ավետիսյանը հակիրճ ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետերի կատարման ընթացքը:

     Ներկայացնելով Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգի նախագիծը` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը նշեց, որ հայեցակարգով առաջարկվում է ներդնել  «Բժշկական համակարգի hաշտարարի ինստիտուտը»` որպես վեճերի լուծման այլընտրանքային նոր ձև: Մասնավորապես, Հայեցակարգում անդրադարձ է կատարվել այնպիսի կարևորագույն հարցերի, ինչպիսիք են հաշտարարին ներկայացվող պահանջները և նշանակման կարգը, հաշտարարի իրավասության շրջանակը, նրա կողմից կայացվող որոշումների բնույթը և բողոքարկելիությունը, հաշտարարի գրասենյակի կազմակերպաիրավական ձևը և ֆինանսավորման աղբյուրները և այլն: Առաջարկվող լուծումների համալիր իրացումը պետք է ենթադրի պացիենտի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձի միջև ծագած վեճի նեղ մասնագիտացմամբ կառույցի կողմից արագ և անվճար լուծում, ինչը կարող է, խթան հանդիսանալ բժշկական համակարգի նկատմամբ պացիենտների վստահությունը բարձրացնելու և բժշկական համակարգի շարունակական կատարելագործման համար:

Հասարակական խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց դիտարկումները Հայեցակարգի նախագծի վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն առաջարկեց գրավոր ներկայացնել առաջարկությունները, որոնք կքննարկվեն և  հնարավորության դեպքում կներառվեն նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել