ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ։ Նրանում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում:
Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման: Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում:
Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ: Կրկին շնորհավորում եմ ձեզ ու մաղթում առողջություն, աշխատանքային բազում հաջողություններ»: