»ԱԺ միջանցքում Հանրապետական կուսակցության անդամ Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա և հետաքրքիրն այն է, որ հիմա մամուլին հերքում է»: Նման հայտարարություն արեց ԱԺ պտգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ միջադեպին վկաներ եղել են, և՛ Ազգային ժողովի պատգամավոր, և՛ լրագրող, և՛ ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցներ:
«Ասածս հետևյալն է, որ մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ Հանրապետական խմբակցությունից և պետք է հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքն ի՞նչ կապ ունի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր «պադյեզդները» զգույշ մտեք, կարողա ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է և մենք մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի մեր հետևություններն անենք մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտնեց, որ բոլորն իրենց մտահոգություններն են հայտնում ցավալի դեպքի կապակցությամբ և պետք ՝ պառլամենտարիզմի ոգին պահպանվի ԱԺ-ում:
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտնեց, որ տեղյակ չի միջադեպից, քանի որ եվրոպական պատվիրակություն են ընդունում: «Թե ի՞նչ է եղել իրականում և ո՞նց, դեռ ժամանակ կլինի և՛ դուք, և՛ պարոն Գեղամյանը, և՛ ձեր խմբակցությունը և՛ մեր խմբակցությունը այդ հարցին կանդրադառնան»,-հայտնեց Աշոտյանը: