Հոկտեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը, որի համար հայտ ներկայացրած 102 դիմորդներից մասնակցել է 100-ը: Որակավորման ստուգումն անց է կացվել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, չինարեն, վրացերեն, թուրքերեն, իսպաներեն, չեխերեն, բուլղարերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով:
Մասնակիցներին, որպես առաջադրանք տրվել են հայերեն և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր` հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն թարգամանելու նպատակով: Տեքստերը նախապես հրապարակված չեն եղել: Որակավորման ստուգման ընթացքում նրանք իրավունք են ունեցել օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցին միանալու հնարավորության:
Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում: