ԱՄՆ Ոստիկանությունը հայտարարել է, որ Լաս Վեգասի բնակիչների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Պադոկն է: Քանթրի երաժշտության փառատոնում հրաձգության հետեւանքով առնվազն 58 մարդ սպանվել է, մոտ 500-ը`հոսպիտալացվել:
Պադոկն ապրել է Նեվադա նահանգի Մեսքիթ քաղաքում: Ոստիկանության աշխատակիցները նրա համարում 10 հրացան են գտել, բայց ինչպես եւ երբ են դրանք այդտեղ հայտնվել, դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը հայտնել է, որ Պադոկը կարող էր Mandalay Bay հյուրանոցում լինել սեպտեմբերի 28-ից, հաղորդում է BBC-ն:
Պադոկը մինչեւ թոշակի անցնելը հաշվապահ է աշխատել: Նա թեթեւ շարժիչով ինքնաթիռների վարման լիցենզիա է ունեցել եւ երկու ինքնաթիռի սեփականատեր է եղել, հաղորդել է ոստիկանությունը:
Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչին, հայտնում է, որ Պադոկը հոգեբանական խնդիրներ է ունեցել:
NBC-ի հեռուստաալիքի տվյալներով՝ Պադոկը վերջերս խաղային բիզնեսի հետ կապված տասնյակ հազարավոր դոլարների մի քանի գործարքներ է կատարել: Դեռ պարզ չէ՝ դա հաղթանակի թե պարտության գումարներ էին, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
ՀԴԲ-ն հայտարարել է, որ այս պահին Պադոկի եւ միջազգային ահաբեկչության հետ կապված որեւէ կապ չի հայտնաբերվել:
Լաս Վեգասի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն Պադոկին բնութագրել է որպես զայրացած մարդու, ով ձգտել է որքան հնարավոր է շատ մարդկանց վնաս հասցնել:
Քննիչները խուզարկել են Լաս Վեգասի նրա տունը: Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ դատապարտելի ոչինչ չի գտնվել:
Ոստիկանությունը նաեւ փնտրել է Մերիլու Դանլի անունով կնոջը, ում հրաձգությունից առաջ տեսել են Պադոկի հետ: Սակայն հետո ոստիկանությունը հայտարարել, որ նա ոչ մի կապ չունի հանցագործության հետ:
Պադոկիի եղբայրը ասել է, որ Դանլին եղբոր ընկերուհին է եղել:
«Սա կարելի է համեմատել մեր ընտանիքի վրա աստերոիդի ընկնելու հետ», – Las Vegas Review-Journal-ին տված հարցազրույցում ասել է նա:
«Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչու Սթիվենը նման բան արեց»:
Հրաձիգի եղբայրը ասել է նաեւ, որ իրենց հայրը բանկեր է թալանել ժամանակին եւ եղել է ՀԴԲ ամենավտանգավոր հանցագործների ցուցակում:
1969 թվականի փաստաթղթում նշված է, որ ՀԴԲ տվյալներով, Պադոկի հայրը մտադիր էր բանկային կողոպուտ կազմնակերպել, ուներ հոգեկան խանգարում, հակված էր ինքնասպանության:
Նա նշել է, որ իր եղբորը չի համարում զենքի սիրահար: «Այն փաստը, որ նա ունեցել է նման զենք … որտեղից է գրողը տանի նա վերցրել դրանք: Նա չունի ռազմական անցյալ կամ նման բան: Նա սովորական մարդ էր, ով ապրում է իր տանը, գնում էր Լաս Վեգաս խաղալու: Նա զբաղված էր բիզնեսով, սիրում էր բուրիտո», – պատմել է նա:
Ըստ Բրայան Պադոկի՝ եղբայրն ապրում էր մի քանի տներ վարձակալության տալով:
2012 թվականին Պադոկը դատի է տվել Լաս Վեգասում գտնվող Cosmopolitan հյուրանոցային համալիրին: Նա պնդում էր, որ ընկել է հատակին խանգարող առարկայի պատճառով, պատմել է եղբայրը: Գործը երկու կողմերի համաձայնությամբ փակվել է 2014 թվականին: