Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն ներգրավված է ԽՎ-ի աշխատանքներում եւ հանձնաժողովներում:
Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Ալեքսեյ Սերգեեւին` հանրահայտ արեւելագետ եւ հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված՝ իր նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով ժողովուրդների պարտադիր կամարտահայտության սկզբունքը: