Ադրբեջանից եվրոպացի պաշտոնյաներին արված վճարումների վերաբերյալ բացահայտումները հասել են Գերմանիայի ընտրություններին: Պարզվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմ դաշնակիցը ենթադրաբար գումարներ է ստացել Ադրբեջանից, գրում է The Guardian-ը:
Süddeutsche Zeitung-ի համաձայն՝ խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատ անդամ Կարին Ստրենզն Ադրբեջանից ստացել է 7.000 եվրոյից մինչեւ 15.000 եվրո: Գումարը նրան ուղարկվել է նախկին գերմանացի խորհրդարանական եւ Ադրբեջանի լոբբինգով զբաղվող Էդուարդ Լինթների ստեղծած ընկերության միջոցով, գրում է tert.am-ը
Սկանդալը սպառնում է ցնցել մինչ այժմ հանգիստ ընթացող նախընտրական արշավը, որի ընթացքում Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթանակ ապահովելու ճանապարհին է:
Արտահոսած բանկային տվյալները ցույց են տալիս, որ Լինթները ստացել է ավելի քան 800.000 եվրո Մեծ Բրիտանիայում գտնվող ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Այս գումարի մի մասը վճարվել է Գերմանիայում եւ Բելգիայում այլ խորհրդարանականների: 2014 եւ 2015 թվականներին Ստրենզին վճարումներն ուղարկվել են Լինթների Line M-Trade ընկերության միջոցով:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Ստրենզն Ադրբեջան է այցելել մի քանի առիթներով, այդ թվում՝ որպես ընտրությունների դիտորդ: Նա այժմ Գերմանա-հարավկովկասյան բարեկամության խմբի տնօրենն է: Նա իր կայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ լուսանկար է հրապարակել՝ «Քաղաքականությունը կարող է տարբեր լինել» կարգախոսով:
Կայքը գրում է, որ Ստրենզն այժմ պետք է բացատրի, թե արդյոք հնարավոր է, որ վճարումներն ազդած լինեն Բեռլինում եւ Եվրոպայի խորհրդում, որի խորհրդարանական վեհաժողովի անդամն է, իր քվեարկությունների վրա:
2015 թվականի հունիսին Ստրենզը ԵԽԽՎ-ում քվեարկել է բանաձեւի դեմ, որը կոչ էր անում Ադրբեջանին բաց թողնել իր քաղբանտարկյալներին: Նա Գերմանիայի միակ ներկայացուցիչն էր, ով դեմ էր քվեարկել բանաձեւին: Ստրենզը նաեւ Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ ի դեմս այլ դիտորդների, որոնք քննադատություն էին հայտնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը քվեարկել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի եւ մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող գործով հետաքննություն սկսելու օգտին:
Նշվում է, որ ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տեւական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլեւ իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին: Խոսքը 2012-2014 թվականներին Ադրբեջանից 2.9 մլրդ դոլարի փոխանցման մասին է:
Ինչպես ավելի վաղ բացահայտել էր The Guardian պարբերականը, դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղեւորվել են բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով: