Արա Ղարագյոզյանը պատրաստվում է բողոքարկել կարգապահականը ՄԻԵԴ-ում

Կարգապահականները հետապնդումներ  են, որպեսզի փաստաբանները լիարժեք չիրականացնեն իրենց պաշտպանյալների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Արա Ղարագյոզյանը՝ նիստերի դահլիճը առանց նախագահող դատավորի թույլտվության լքելու համար ստացած կարգապահականի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ նա բոլոր գործողությունները կատարել է  իր պաշտպանյալների շահերից բխելով և չի համակերպվի այսպիսի որոշման հետ:

«Խորհրդի անդամներին նախ կառաջարկեմ մի քիչ վերապատրաստվեն, քրեական իրավունքին ծանոթանան, քանի որ հայհոյանքը բարձր խոսելուց չեն տարբերում»,-նշեց նա:

Արա Ղարագյոզյանը պատրաստվում է  այդ որոշումը ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան.«Նրանց ցույց տալու համար, որ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց պաշտպան լինելու համար հետապնդման եմ ենթարկվում»:

Հիշեցնենք, որ փաստաբանների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա առանց նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար։

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել