Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ծառայությունների որակի լավացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Ucom ընկերության բաժանորդները, վստահ ենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում նկատել են Facebook սոցիալական ռեսուրսի աշխատանքի լուրջ արագացում: Ես ինքս այդ կայքի օգտատերերից եմ և լավ պատկերացնում եմ մեր բաժանորդների սպասումներն առցանց հաղորդակցության հարթակներից: Ucom-ի ռազմավարությունից բխող այս բաժանորդամետ քայլն ակնհայտորեն չի կարող չգոհացնել», – նշում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
Շտեմարանը հնարավորություն է տալիս սպասարկելու օգտատերերի կողմից դեպի Facebook-ի ցանց ուղարկվող հարցումները անհամեմատ արագ և անխափան կերպով։ Միևնույն ժամանակ, բեռնաթափելով ընկերության միջազգային կապուղիները, Facebook-ի շտեմարանը հնարավորություն է տալիս լավացնելու նաև մյուս ծառայությունների որակը և մատչելիությունը։ Շտեմարանում պահպանվում է ցանցի օգտատերերի կողմից ամենահաճախ պահանջվող բովանդակությունը, որն անմիջապես է տրամադրվում՝ առանց արտասահմանում գտնվող ռեսուրսի սերվերներից ներբեռնելու անհրաժեշտության։ Սրա շնորհիվ անհամեմատ արագացել է ռեսուրսի աշխատանքը և հուսալիությունը։
«Շտեմարանի տեղադրումը հատկապես Ucom ընկերության տվյալների կենտրոնում պայմանավորված է Ucom ընկերության բաժանորդների կողմից ռեսուրսի մեծ պահանջարկով, ընկերության ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կապուղիների էֆֆեկտիվությամբ և ճյուղավորված ցանցով», – նշում է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Ucom-ի տվյալների կենտրոնում գործում են նաև այնպիսի հանրահայտ ընկերությունների շտեմարաններ, ինչպիսիք են Google-ը, Akamai-ն և Cloudflare-ը։