Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության և Սանկտ Պետերբուրգի կառավարության Ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ հայ և ռուս գործարարների մասնակցությամբ,հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Քննարկման ընթացքում Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այս ձևաչափով հանդիպումը հրաշալի հնարավորություն է ընձեռում Հայաստանից ժամանած հայ գործարարներին իրենց արտադրանքը Սանկտ Պետերբուրգի խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին անմիջականորեն ներկայացնելու համար, ինչպես նաև տեղերում ծանոթանալու պետերբուրգյան ձեռնարկությունների գործունեությանը:
Սանկտ Պետերբուրգի առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված հանդիպման շրջանակում էլ քննարկվել են Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես, ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկ-փաթեթները, որոնք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: Նշվել է նաև, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի ներդրողների կոմիտեի ներկայացուցիչների հետ: