13:20
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
14:05
Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
14:40
Ըստ տեղեկությունների այրվող նյութը լաքէթինոլ է: « Նյութն այնպիսի հատկություն, որ կայրվի` մինչև վերջանա: Այդ և մի շարք նման արտադրամասերի պետերին աշխատանքից ազատելուց հետո նման մտավախություն կար, որ կարող էր լինել»,-այս մասին Իրավաբան.net–ի հետ զրույցում հայտնեց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:
15:10
Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:
Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
15:40
Առողջապահության նախարարությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ այս պահին աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում, պարզում են նյութի բաղադրությունը և այլն: Քիչ անց մասնագետների կողմից կներկայացվեն մանրամասները:
15:57
ԱԻՆ-ը դեպքի վայրից հաղորդում է, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում են նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: