Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ»

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին, աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, գույքագրել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ:

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում նորերով փոխարինվել են մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչի հետ կապված հանձնարարվել է ՀՀ պետական դրոշներով ապահովել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մասնավոր հանրակրթական և արտադպրոցական հաստատություններին:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթևեկության միամսյակ» համալիր ծրագիրը և կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու և քաղաքացիների պատշաճ փոխադրումներ իրականացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել