Շրջանառության մեջ կդրվի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր շրջանառության մեջ կդնենք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ բացառելու համար այն դեպքերը, երբ ՔԿՀ-ները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքնության մարմինը արգելք է դրել։ Նման արգելքն, իհարկե, ապօրինի է, եւ մեր դիրքորոշումը արտահայտվում է նախագծի հիմնավորման մեջ, որը ներկայացնում եմ ստորեւ։

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին։ 

Фото Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան.

Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եւ ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետեւ օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որեւէ արգելքի մուտքի եւ ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը եւ մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական եւ ոչ իրավաչափ խոչընդոտների։

Առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը եւ արձանագրել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել»։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել