Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, պատասխանատու կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան: Ըստ այդմ, hանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով: Առողջապահության վարչությանը հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը:

Կոմունալ տնտեսության վարչությանն ու պատասխանատու կառույցներին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերը և համապատասխան քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու համար: Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել դեպի կրթական հաստատություններ տանող ճանապարհներն ու, անհրաժեշտության դեպքում, կատարել նորոգման աշխատանքներ:

Աշխատակազմի տրանսպորտի վարչությանն էլ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ և քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ապահովել կրթական հաստատությունների հարակից տարածքների սանիտարական մաքրման պատշաճ իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել