Հին նմուշի անձնագիրն այլևս երկարաձգել հնարավոր չի լինի

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը:

Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության նախագծում, որը ներկայացվել է կառավարության նիստի օրակարգում։

Նշվում է նաև, որ 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը:

Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով ոստիկանությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Դրանով պայմանավորված համապատասխանաբար փոփոխություն է կատարվում նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել