ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստը: Վերջինի ընթացքում հայտարարվել է «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի մեկնարկը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նոր ծրագրին աջակցելու համար և նշել, որ արդեն իսկ հաստատվել է 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը, որում կարևոր տեղ են զբաղեցնում օրենսդրական ու ինստիտուցոնալ հիմքերի վերհանման վերաբերյալ ուսումնասիրությունները:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել բազմաշահառու խմբի նիստի ներկայացուցիչներին ու կարևորել ծրագրի մեկնարկը, որն, ըստ դեսպանի, կարող է երկկողմանի արդյունք ապահովել: «Մենք պատրաստ ենք աջակցելու ծրագրի իրագործմանը, մենք հավատում ենք, որ այն կտա սպասված արդյունքը, որով կբարձրացնենք ոլորտի վերաբերյալ տեղակատվության թափանցիկությունն ու կարողությունը»,- ընդգծել է դեսպանը:
Ծրագրի շրջանակում կուսումնասիրվեն ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման և գրանցման առանձնահատկությունները, պայմանագրերը հանքարդյունահանող կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող հարցեր:
Նիստի ավարտին ԲՇԽ անդամները քննարկել են մի շարք այլ հարցեր: Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Իրավաբան.net