Նոր Նորքում ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք էր գործել Նոր Նորքում գործող «Ծիրան» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել էր վնասազերծել նրան, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել էր փախուստի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1996թ.։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով՝ երիտասարդի լուսանկարը ներկայացվել է ճանաչման վկաներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ 1996թ. ծնված տղային ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել