Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ «Սասնա ծռերի» գործով հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, գործով ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:
Հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: