Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը հիշեցրեց, որ ներկայում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ է իրականացնում 6 օպերատորների 51 գրասենյակ՝ հանրապետության բոլոր մարզերում. օպերատորներին վերապահվել է 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասություն:
Հարկ է նշել նաև, որ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն՝ վերաիմաստավորվում է նաև պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումները: Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն ընդլայնել պետական իշխանության մարմինների գործառույթներ իրականացնող սպասարկման գրասենյակների քանակն ու աշխարհագրությունը, վերջիններիս կողմից մատուցվող պետական ծառայությունների քանակը, այլ որպես բարեփոխման առանցքային ուղղություն դիտարկվում է նույն ծառայությունների առցանց մատուցման համար հնարավորությունների ստեղծումը:
Նախատեսվում է Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանները և անձի նույնականացման էլեկտրոնային գործիքները օգտագործելով՝ խթանել էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին և բիզնեսին ծառայությունների մատուցումը: Նախարարը ներկայացնելով որոշման նախագիծը ընդգծեց, որ մինչև տարեվերջ որոշ ծառայություններ քաղաքացիներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային եղանակով:
Մասնավորապես, արդարադաատության ոլորտում իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բոլոր գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել առցանց, էլեկտրոնային նույնականացման գործիքների կիրառմամբ՝ առանց պետական մարմնի գրասենյակ այցելելու:
Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ https://moj.am/services/service_offices: