ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակցի և նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ:
24.09.2016թ.-ին՝ հերթափոխն ընդունելիս, Կ. Սարգսյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից բռնվել է նույն հիմնարկի տարածք թմրամիջոց անցկացնելու պահին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել են Կ. Սարգսյանի, ինչպես նաև հիշյալ ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների կողմից մինչ այդ կատարված հանցագործությունների 30-ից ավելի դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կ. Սարգսյանը, 07.12.2015թ.-ից մինչև 19.10.2016թ.-ը զբաղեցնելով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից հնարավոր հանցագործությունները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ինքն է հանցավոր արարքներ կատարել` ոտնահարելով պետական ծառայողի պատիվն ու բարի համբավը: Մասնավորապես, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, նախապես մշակած սխեմայի համաձայն, Կ. Սարգսյանը 2016 թվականի ընթացքում կաշառքի գործարքներ է իրականացրել նույն հիմնարկի դատապարտյալներ Գևորգ Բադալյանի, Էրիկ Ավագյանի, ինչպես նաև կալանավորներ Ռադիկ Ավետիսյանի և Մհեր Մանուկյանի հետ` ՔԿՀ-ի տարածք անցկացնելով և վերջիններիս փոխանցելով տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, լիցքավորիչներ, Wi-Fi սարք, ոգելից խմիչք և այլն: Ընդ որում, յուրաքանչյուր գործարքի դիմաց Կ. Սարգսյանը դատապարտյալների ու կալանավորների հարազատներից ստացել է կաշառք:
Կաշառք ստանալու մի քանի հաջողված փորձերից հետո, անազնիվ եղանակով հարստանալու նպատակով, Կ. Սարգսյանը, այս անգամ արդեն 30.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց համաձայնվել է օժանդակել կալանավորների կողմից խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն:
Այսպես, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Մհեր Մանուկյանը մեկ այլ կալանավոր Ռադիկ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց գործածման համար ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու խնդրանքով դիմել են ցմահ ազատազրկման դատապարտված Գևորգ Բադալյանին, ով, իր հերթին, դարձյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, հիշյալ հարցի շուրջ համաձայնության է եկել Կ. Սարգսյանի հետ: Այդ նպատակով, նախապես ծրագրած պլանի համաձայն, կալանավորները դիմել են իրենց ծանոթ Ֆեդյա Նաջարյանին, ով վերջիններիս հարազատների միջոցով Կ. Սարգսյանին կաշառքի դիմաց փոխանցել է խոշոր չափերով մարիխուանա տեսակի և զգալի չափերով բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ` դրանք նախապես թաքցնելով բջջային հեռախոսների 3 լիցքավորիչ սարքերի մեջ: Սակայն երբ Կ. Սարգսյանը փորձել է դրանք անցկացնել Նուբարաշեն ՔԿՀ տարածք, նրա հանցավոր արարքը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից: Արդյունքում դատապարտյալներին, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է` ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոցը:
Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել՝
- Կարեն Սարգսյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 311-րդ հոդվածի 2-րդ մասով
- Արմենակ Դավթյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 313-րդ հոդվածի 1-ին մասով
- Գևորգ Բադալյանին` – 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հինգ դրվագով 312-րդ հոդվածի 1-ին մասով և երեք դրվագով 38-312-րդ հոդվածի 1-ին մասով
- Մհեր Մանուկյանին՝ – ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև 312-րդ հոդվածի 1-ին մասով
- Ֆեդյա Նաջարյանին՝ – ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-312-րդ հոդվածի 1-ին մասով
- Էրիկ Ավագյանին՝ – ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարեն Սարգսյանի և Ֆեդյա Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերը նշված վեց մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հանցագործությունների մասնակից Ռադիկ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: