«Ծառուկյան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ նիստերի դահլիճի ամբիոնից հայտարարեց, թե իրեն զանգահարում են շատ գյուղացիներ ու իրենց բողոքն են արտահայտում, իսկ հենց այս պահին Բագրատաշենի անցակետի մոտ մի քանի տասնյակ մարդիկ ցույց են անում.
«Ընտանիքնները, մարդիկ իրենց հանապազորյա հացն ապահովելու համար ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են փորձում անցկացնել սահմանը, և քանի որ մեր պատկան մարմիններն իրենց դրսևորում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, հիմա այնտեղ բավականին լարված իրավիճակ է»,- նշեց պատգամավորը:
Զոհրաբյանը պատկան մարմիններին նաև կոչ արեց մաքսանենգությունն այլ տեղերում փնտրել, և գնալ ու փնտրել ապօրինույթունն այնտեղ, որտեղ դրա կարիքն իսկապես կա: Ինչպես ինքը վստահեցրեց՝ այդ ամենը նրանց քթի տակ է:
«Փորձեք հենց հիմա, հենց այս պահին կարգավորել քաղաքացիների խնդիրը: Քաղաքացին մեղավոր չէ, որ այնպիսի իրավիճակ եք ստեղծել երկրում, որ անցնում է Վրաստանի սահմանը՝ շատ ավելի էժան բանջարեղեն կամ միրգ գնելու համար, որ հոգա իր ընտանիքի կարիքը»,-ընդգծեց Զոհրաբյանը: