Ճանապարահային ոստիկան-վարորդ շփման ժամանակ երբեմն հանդիպում են դեպքեր, երբ վարորդը համառորեն պնդում է, որ ոստիկանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս իրավունք չունի վարորդի ձեռքից վերցնելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ նման պահվածքը նպատակ է հետապնդում ստեղծել արհեստական լարվածություն և զոհի տպավորություն: Պարոն Բիչախչյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրելլ է.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը, տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունն իրավունք ունի ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող փաստաթղթերը:
Ոստիկանի «պահանջ», «ստուգել», «ներկայացնել» տերմիններն իրենցից ենթադրում են փաստաթղթերն ունենալ իր ձեռքին, ոչ թե դիտարկելու որոշ հեռավորությունից:
Փաստաթուղթ ստուգող պաշտոնատար անձն ինքն է թելադրելու վարքագծի կանոնը, այլ ոչ վարորդի քմահաճույքին ենթարկվի:
Օրենքով սահմանված դեպքերում փաստաթղթերը վերցնել և սահմանված կարգով հետ վերադարձնելն այլ գործողություն է, իսկ ստուգելը, արձանագրություն կազմելը և հետ վերադարձնելն այլ գործողություն»: