Դատարանը նորից կքննի Արթուր Վարդանյանի հայցն՝ ընդդեմ ոստիկանության և ԱԱԾ-ի

2015թ․-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններին ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանի` պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին:

Դիմելով դատարան Արթուր Վարդանյանի ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության` իրենց կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Նոյեմբերի 25-ին ոստիկանության հետ համատեղ իրականացվել են խուզարկություններ, որի ընթացքում խուզարկվել է նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում գտնվող առանձնատունը, որի ընթացքում ձերբակալվել են 9 անձինք, այդ թվում` Արթուր Վարդանյանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության կողմից դեպքի մանրամասների վերաբերյալ տարածվել են տեսագրություններ, որոնք տեղ են գտել գրեթե բոլոր լրատվական գործունեություն իրականացնող կայքերում:

Ըստ կողմի՝ տեսագրությունները զետեղված են նաև www.youtube.com կայքում, «ԱԱԾ-ն վնասազերծում է հանցավոր խումբը» անվանմամբ (Հայցվոր կողմը հիմք է ընդունել Իրավաբան.net կայքի յութուբյան հաշվում հրապարակված տեսանյութը-Գ․Թ․):

Նշվում է, որ տեսանյութի 37-րդից մինչև 41-րդ վայրկյանն ընկած ժամանակահատվածում ցուցադրում են նաև Արթուր Վարդանյանին` կիսամերկ վիճակում:

Այս հանգամանքը հայցվոր կողմը դիտարկել է որպես Արթուր Վարդանյանին ուղղված վիրավորանք:

«Տեսանյութի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դրանով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու ուղղակի նպատակ է հետապնդվել, ինչի ապացույցն է հանդիսանում այն հանգամանքը, որ խուզարկության պահին բորլոր անձինք եղել են հանդերձանքով և միայն ինքն է ցուցադրվել կիսամերկ:

Տեսանյութը www. youtube.com կայքում դիտել է 3.798 օգտատեր, ինչն ապացուցում է դրա հրապարակային լինելու հանգամանքը»,- դատարանում պնդել է հայցորի ներկայացուցիչը:

Պահանջել են պարտավորեցնել պատասխանողներին տեսանյութի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև ներողություն խնդրելու տեսանյութը հրապարակել իրենց պաշտոնեական կայքերում:

2015թ․-ին դատարանը որոշել հայցը վերադարձնել, իսկ 2016թ․ դեկտեմբերի վճռով՝ մերժել է:

Հայցվոր կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, դատարանը առաջին ատյանի որոշումը՝ հայցը վերադարձնելու մասին, որոշել է վերացնել, բավարարվել է նաև 2016թ․-ի վճռի վերաբերյալ բերված բողոքն ու գործն մայիսի 15-ին ուղարկվել է նույն դատարան՝ հայցվորի մասնակցությամբ ամբողջ ծավալով նոր քննության։

Գ․Թ․

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել