«ԱրմենՏել»-ին տուգանել են 1 մլն դրամի չափով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ին քննարկել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշումը։

Համաձայն որոշման՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը 2017 թվականի ապրիլի 3-ին դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հայտնելով, որ մասնակցել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կարիքների համար ամրակցված հեռախոսակապի ծառայությունների գնման մրցույթին և ճանաչվել է հաղթող՝ առաջարկելով Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագներից ցածր սակագներ։

Հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի №529Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից մատուցվող կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներից ցածր սակագների կիրառման կարգի (այսուհետ՝ Կարգ) 2.1-րդ կետը, համաձայն որի՝ Ընկերությունն առանց Կարգի 1-ին կետով նախատեսված հաճախորդների (բաժանորդների) նկատմամբ գնային խտրականության բացառման պայմանը պահպանելու, Կարգի 2-րդ և 3-րդ կետերի պահանջները կատարելու, սակագնային կարգավորման ենթակա ծառայությունները կարող է առաջարկել և մատուցել Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագներից ցածր սակագներով միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պատվիրատուներին։

Ըստ որոշման՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը չի հանդիսանում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պատվիրատու, ուստի հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 12-ից Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` Կարգի դրույթների խախտման փաստի ուսումնասիրության նպատակով, որի մասին Ընկերությանը ծանուցվել է Հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 12-ի գրությամբ։

«ԱրմենՏել»-ից 2017 թվականի ապրիլի 20-ին հանձնաժողովին հայտնել են, որ ընկերությունը հայտնվում է անհավասար մրցակցային պայմաններում և զրկվում է մրցույթներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։

2017 թվականի ապրիլի 21-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում, ըստ հանձնաժողովի որոշման ընկերությունը չի ներկայացրել բավարար փաստարկներ կարգի դրույթները չխախտելու վերաբերյալ։

Ի վերջո ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է ընկերությանը տուգանել մեկ միլիոն դրամ գումարի չափով:

Նշենք, որ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը իրավասու է այս որոշումը բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել