ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հրազդանի կիրճում մայիսի 22-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ, ապա՝ վիճաբանել հայհոյելու համար դիտողություն արած ռազմական ոստիկանության երկու աշխատակիցների հետ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ հասարակական կարգը խախտողները քարեր են նետել ռազմական ոստիկանության, ինչպես նաև՝ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: 2 անձ ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: