2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Սակայն, պարտադիր վչարներից բացի Հիմնադրամին հնարավոր է նաև անհատական նվիրաբերություններ անել:
Այս տարի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստացած նվիրաբերություններ կատարած երկրներում առաջատարը Հայաստանն է՝ 3.470.680 ՀՀ դրամ, այնուհետև ՌԴ-ն՝ 2.710.410 ՀՀ դրամ և Ռումինիան՝ 1.086.599 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք 1000plus.am կայքից:
Փոխհատուցումներ կատարվել են ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ ՌԴ-ից, Ռումինիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Քաթարից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, և նույնիսկ Օմանից: Բացի նշված երկրներից, շուրջ 29.573 դրամ էլ փոխանցվել է անհայտ անձանցից:
Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվել է 7.818.099 ՀՀ դրամին համարժեք նվիրաբերություն:
1000plus.am-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկա պահին հիմնադրամի հաշվին կա 1.630.942.071 ՀՀ դրամ, արդեն փոխհատուցվել է 92.600.000 դրամ՝ 9 զինծառայողի ընտանիքների:
Նվիրաբերումները կարող են կատարվել ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից: Ցանկության դեպքում կարող են նաև անանուն փոխանցումներն անել, և իրենց հարմար ցանկացած արտարժույթով:
Ինչպես նաև SMS-ների միջոցով՝ 1028 հեռախոսահամարին ուղարկելով SMS` հաղորդագրության մեջ նշելով Անուն Ազգանունը: 1 SMS ուղարկելով կնվիրաբերեք 1000 դրամ:
Կայքից տեղեկանում ենք, որ կայքի «Նվիրաբերություններ» բաժնում տեխնիկական խնդիրների պատճառով առայժմ չեն երևում SMS-ի միջոցով կատարված նվիրաբերությունները: Կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ շտկելու համար:
Օրենքի պահանջների համաձայն սահմանվել են զինծառայության կազմերի համար մի շարք գումարային չափեր՝ մասնավորապես, սպայական կազմի զինծառայողների, թե՛ զինծառայության մեջ գտնվողների, թե՛ պահեստազորում հաշվառված և միջոցառումներին մասնակցող սպաների համար, զոհվելու դեպքում նախատեսվել է 82 մլն դրամի չափով ապահովագրական հատուցում, որից 10 մլն-ը հատուցվում է միանվագ չափով, մնացած 72 մլն-ն բաժանվում է ըստ տարիների, 20 տարվա մեջ: Տարանջատված է ենթասպայական կազմի զինծառայողների, ինչպես նաև պայմանագրային կազմերի, շարքային կազմերի զինծառայողների համար՝ 70 մլն դրամ, կրկին 10 մլն-ն միանվագ գումարով և մնացածը՝ բաժանելով 20 տարիների համար:
Պարտադիր ծառայողների և կամավոր հիմունքներով պաշտպանությանը մասնակցող անձնաց համար զոհվելու դեպքում սահմանված է 59 մլն դրամ:
Ալիսա Չիլինգարյան