Ի՞նչ ռեսուրսներ ու գումար ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին, ինչպես տեղյակ եք, մասնակցելու են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, Ելք դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի։

Այս բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց հայտարարագրերը՝ 2016թ․ ապրիլի 1-ից մինչև 2017թ․ նույն օրն ընկած ժամանակահատվածի համար։

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ քաղաքական ուժն ունի մի քանի տասնյակ անշարժ գույք, ընդհանուր առմամբ այդ գույքի մասին տեղեկատվությունը 4 էջ է։ Երևանում կուսակցությունը տիրապետում է 15 գույքի, այդ թվում՝ Մելիք-Ադամյանի շենքին։

Շարժական գույքից կուսակցությունն ունի մեկ «Վազ-2121» տեսակի մեքենա՝ 1993թ․-ի, և 3 «Նիսսան» մակնիշի մեքենաներ՝ «Նիսսան Պատֆայնդեր» (2007թ․), երկու «Նիսսան Սենտրա», երկուսն էլ 2014թ․ արտադրության։ Դրամական միջոցները՝ 10 մլն 900 հազար դրամի են։

Կուսակցությունն իր անդամներից ստացել է 418 մլն 810 հազար դրամ գումար՝ անդամակցության վճարների և նվիրատվությունների տեսքով, բացի այդ, քաղաքական ուժի եկամուտները գոյանում են վարձակալության վճարներից՝ 2,2 մլն դրամի չափով, ինչպես նաև օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումից՝ 33,9 մլն դրամ, այլ եկամուտներից՝ 243 հազար ՀՀ դրամ։

Ելք կուսակցությունների դաշինքից հայտարարագիր են ներկայացրել «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է 200 հազար դրամ միջոցներ և կուսակցության անդամներից նվիրատվություն՝ 1,1 մլն դրամի չափով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 7 շենք և շինություններ, որոնցից մեկը՝ Երևանում, իսկ դրամական միջոցները կազմել են 1,1 մլն դրամ, բացի այդ, կուսակցությունը եկամուտներ է ստացել անդամակցության վճարներից և նվիրատվություններից՝ 4,6 մլն դրամ, ինչպես նաև առանձին տողով ամրագրված է նվիրատվություն 7000 ԱՄՆ դոլարի չափով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկու անշարժ գույք ունի մարզերում, դրամական միջոցները կազմել են 126 հազար դրամ, եկամուտները՝ 9,3 մլն դրամ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարագրում ոչինչ չկա նշված, ոչ անշարժ գույք, ոչ էլ որևէ եկամուտ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել