Ապրիլի 15-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի վերաբերյալ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Հանձնարարվել է քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով շարունակել մայրաքաղաքում ամենօրյա մաքրման աշխատանքներն ու տեղային շաբաթօրյակները:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն: