Ապրիլի 15-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին` ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կիրականացնեն «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` երիտասարդները կանթեղներով երթը կազմակերպում են Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելու նպատակով:
Երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ երիտասարդական թևի անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ և այլք:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին