«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ դպրոցների ու մանկապարտեզների 30 տնօրեններ դատական հայց են ներկայարել։
Նրանք պահանջում են զրպարտություն համարվող փաստացի տվյալները հարպարակայնորեն հերքել և բռնագանձել փոխհատուցում։ Յուրաքանյուր հայցվոր 2 մլն դրամ է պահանջել՝ որպես փոխհատուցում, այսինքն՝ ընդհանուր ՀԿ-ից պահանջում են 60 մլն դրամի չափով գումար։ Մենք զրուցեցին հայցվորների ներկայացուցիչներից երկուսի հետ։
Նրանցից փաստաբան Տիգրան Սարուխանյանը պարզաբանեց, որ զրպարտանքի հիմքում դրված է այն արտահայտությունը, ըստ որի՝ Հանրապետական կուսակցությունն օգտագործել է իր վարչական ռեսուրսը․ «Բնականաբար նման բան չի եղել, հաշվի առնելով, որ տնօրենները հանդիսացել են ՀՀԿ անդամներ, քանի որ հոդվածի վերնագրում եղել է, թե ՀՀԿ-ն օգտագործում է իր վարչական ռեսուրսներն, այսինքն՝ ուղղակի կապը ստեղծվում է տնօրենների կողմից իրենց վարչական ռեսուրսներն օգտագործելու հարցի հետ, որն ընտրական օրենսգրքով թույլատրելի գործողություն չէ, գտնում ենք, որ զրպարտում է տեղի է ունեցել»,- նշեց Տիգրանը։
Փաստաբանը չի հերքում՝ տնօրենները քարոզչական գործողություններ կատարել են, սակայն ոչ վարչական ռեսուրսի օգտագործմամբ։
Վստահորդների մեկ այլ փաստաբան, Իրավաբանական խորհրդատվական խումբ ՍՊԸ-ի աշխատակից Վահե Սեդրայանն ասաց․ «Մեծամասամբ իրենք ՀՀԿ անդամ են, օրենքը չի արգելում տնօրեններին լինել ՀՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության անդամ, չի արգելում որևէ կուսակցության համար քարոզչություն իրականացնել, մի արգելք կա, որ այն չպետք է իրականացվի կոնկրետ աշխատանքային ժամերին՝ կիրառելով վարչական միջոցներ, այսինքն՝ աշխատանքային գործունեության ժամանակ է արգելվում։ Այդ տեսանկյունից մենք հայտնում ենք, որ այն տեղի չի ունեցել աշխատանքային ժամերին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պատասխանողը, տվյալ գործերով ՀԿ-ն պարտավոր է ապացուցել հակառակը։
Մեր այն դիտարկմանը, որ տարբեր հարցազրույցների ժամանակ որոշ տնօրեններ դժգոհություններ էին հայտնել, թե ՀԿ-ի աշխատողների կողմից զանգ են ստացել հենց աշխատանքային ժամին, փաստացի նրանք պատասխանել են հարցերին ու կատարել քարոզչական գործողություններ, Վահե Սեդրակյանը նշեց․«Դատական պրոցես է, եթե կապացուցեն հակառակը, դա էլ իրենց գործիքը կլինի, եթե ոչ, ապա խնդիր կլինի, համենայն դեպս մենք որևէ փաստ չունենք, որ այդ հեռախոսազանգերը եղել են աշխատանքային ժամերին, կարող է անգամ եղած լինի ընդմիջման ժամին, դա էլ օրենքի տեսանկյունից չի դիտարկվում՝ որպես աշխատանքային ժամ»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից առաջ՝ նախընտրական փուլում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից գործարկվող կայքում հրապարակել էր «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հոդվածը։
Մենք այս առնչությամբ զրուցել ենք ՀԿ-ի ներկայացուցչի հետ։
Գ․Թ․