Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:
Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն