«Ծառուկյան» դաշինքից առաջադրվել է միլիոնատեր գյուղապետը

«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու Հովիկ Թադևոսյանը Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավարն է։ Այս համայնքն ունի 3497 բնակիչ։

Համայնքապետը բավականին հարուստ է, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Թադևոսյանն ունի 10 մլն դրամ, 20 հազար դոլար և 10 հազար եվրո։

Նա եկամուտներ է ստանում համայնքապետարանից (2,3 մլն դրամի չափով), բացի այդ դիվիդենտներ ունի «Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ-ից (33 մլն դրամ), «Ռազմիկ-92» Ա/Կ-ից (4,6 մլն դրամ) ու «Մխչյան ֆիշ ֆուդ»-ից (1,8 մլն)։

Անշարժ գույքից գյուղապետն ունի 3 շենք-շինություն հայրենի գյուղում՝ Տաթևի փողոցում, երեք հողամաս և մեկ շենք-շինություն խորենացի 35 հասցեում, որտեղ գտնվում է մսի շուկան, այս հատվածում համայնքապետն ունի 436,5 քառակուսի մետր ընդահանուր բաժնային սեփականություն։


Գյուղապետի ավտոտնակում առկա է երկու մեքենա, ըստ պաշտոնական հայտարարագրի։ Դրանք են «Infiniti QX56» և «Ford Transit», երկուսն էլ 2007թ․ արտադրության են։

Նշենք, որ մամուլն այս համայնքապետին է վերագրել մի շարք այլ բիզնեսներ՝ մանրամասնելով, որ դրանք փոխկապակցված են Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի ընկերությունների հետ։

Հովիկ Թադևոսյանը ծնվել է 1965 թ.-ին՝ Արարատի մարզ Հովտաշատ համայնքում: 1981թ. ավարտել է Հովտաշատի միջնակարգ դպրոցը, 1991-1996թթ զբաղվել է մսամթերքի արտադրությամբ, 1996թ հիմնադրել է «Ռազմիկ 92» ԱԿ-ն, 2005թ.-ից զբաղվել է ձկնաբուծությամբ, 2006թ.-ին Հիմնադրել է « Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ-ն, 2007թ.-ին հիմնադրել է «Ռապս» ՍՊԸ-ն, 2012թ. ընտրվել է Հովտաշատ համայնքի ղեկավար, 2016թ. վերընտրվել է։ Ամուսնացած է ունի չորս երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել