Նրանց որոշումներին որևէ ուժ հաղորդված չէ, որ բերեն որևէ իրավական հետևանքի. Ստյոպա Սաֆարյան

e-drafts.am կայքում փետրվարի 3-18 ընկած ժամանակահատվածում հանրային քննարկման դրված, Արդարադատության նախախարության կողմից  մշակված «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագծի մասին տեղյակ չէ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից այս տարվա խորհրդարանական ընտրություններին ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Թե որքանով էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքը ստացված, Ս.Սաֆարյանը նշեց, որ այն միանշանակ տապալված հանձնաժողով է: Նոր ձևավորվող հանձնաժողովը նույն հենքն է ունենալու ինչ վերոնշյալ հանձնաժողովը: Սաֆարյանը նույն կարծիքին էր նաև ԱԺ էթիկայի հանձնաժողովի մասին:

«Ներկայացնում են եկամուտների հայտարարագրեր ու այն տպավորությունն էր, որ նախորդ 5 տարիներին, և ավելին, ուղղակի թույլ տրվեց ապօրինի եղանակով ձեռք բերված հարստությունն օրինականացվեր, և երբ բարձրաստիճան պաշտոնտար անձինք ներկայացրին այդ հայտարարագրերը, որևէ մեկը նրանց չհարցրեց՝ այս ունեցվածքը քեզ ո՞րտեղից, չէ՞ որ դու եղել ես ՊՈԱԿ-ի պետական ծառայող, եղել ես պաշտոնյա, չես վարել որևէ բիզնես, և եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա առաջին հանձնաժողովի առաքելությունը դարձավ կուտակված ապօրինի հարստությունը օրինականացնել, որից հետո արդեն նորմալ է, ինչպես ասում են, եթե առաջին միլիոնը ձեռք են բերել ապօրինի, ապա դրանից հետո մնացածն օրինական եղանակով է ավելացել: Առաջինը օրինակացրեցին թալանածը, հիմա արդեն նորմալ է, տեսնում ենք, թե ինչ տնտեսական աճ է գրացվել անձնական եկամուտներում և բիզնեսներում»,-նման ձևակերպում տվեց Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքին:

Ըստ նախագծի, հանձնաժողովը և դրա նախագահը նշանակվելու է հանրապետության նախագահի կողմից, ինչի անկախ լինելու համար Ստյոպա Սաֆարյանը նշեց, թե դա անհնար է և նշանակված նման հանձնաժողովը չի կարող անկախ լինել: «Նրանք գործերը կարող են քննել այն ժամանակ, երբ նրանց ասում են, և չեն քննում, երբ դրանց մասին չի ասվում, հետևաբար երկու մարմինն էլ անդամահատված կառույցներ են, որոնք որևէ սեփական նախաձեռնողականություն, լիազորություն չունեն այդ խնդիրները բարձրացնելու և նրանց որոշումներին որևէ ուժ հաղորդված չէ, որ դրանք բերեն որևէ իրավական հետևանքի»,-հավելեց ԱԺ պատգամավորի թեկնածուն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել