Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրինագիծը, որի գոյության մասին շատերը տեղյակ չեն, թեև այն կարծես հանրային քննարկման է ներկայացվել ու նույնիսկ քննարկումների ժամկետը սպառվել է:
«Ելք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը նշում է, որ հանրության աչքից հեռու փորձ է արվում անկացնել մի օրենք, որը ոչ մի կերպ չի կարող կանխարգելել կոռուպցիոն ռիսկեր և ունենալ արդյունավետ էթիկայի հանձնաժողով.
«Բավական է միայն նշել, որ համաձայն սույն նախագծի, էթիկայի հանձնաժողովը նշանակվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և հետևաբար գտնվելու է այդ պաշտոնյաների «տոտալ» վերահսկողության ներքո: Մինչդեռ, հաջողված միջազգային փորձը ապացուցել է, որ վերը նշված մարմինը պետք է լինի ԱՆԿԱԽ, ունենա իր ղեկավարը (ՄԻՊ-ի օրինակով), հետևաբար ձևավորվի ԱԺ 2/3-ի քվեարկությամբ, ունենա անկաշառ աշխատակազմ»:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Վիկտոր Էնգիբարյանը նշում է, որ այս նոր ստեծվելիք մարմինը հիշեցնում է ներկայումս էլ գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը. «Տպավորությունն այնպիսին է, որ սկզբունքնորեն նույն կառույցն է, մի քիչ լիազորություններն են փոխված: Իրականում չգործող կառույց է լինելու, արդյունավետ չի լինելու, անիմաստ պետբյուջեից գումարներ են ծախսվելու»:
Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի իր գոյության շուրջ 4 տարիների ընթացքում իրականացրած գործունեությանը, Վ. Ենգիբարյանը նշում է. «Էթիկայի հանձնաժողովը վերջին տարիներին զբաղվել է բացառապես ոչնչով»:
Վ. Ենգիբարյանը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը պետք է լինի անկախ և ՄԻՊ-ի օրինակով, ղեկավարն ընտրվի ԱԺ-ի կողմից. «ՄԻՊ-ն ամրագրված է սահմանադրորեն և ակնհայտորեն ունի ազատությունների լայն շրջանակ, և այս ինստիտուտը Հայաստանում էֆեկտիվ աշխատեց»:
Վիկտոր Ենգիբարյանի խոսքով, պետք է կոռուպցիայի դեմ անկախ մարմինը նույնպես սահմանադրորեն ամրագրվի: