Պատիժը պայմանականորեն չկիրառելը

Դատարանը, եթե կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

«Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»,-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը: Վերջինիս խոսքով` պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների տեսակների, հանցավոր արարքի վտանգավորության աստիճանի ու բնույթի, այնպես էլ անձանց շրջանակի հետ կապված որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսում:

Այսինքն` օրենսդիրը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք է համարում դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց որոշակի պատժատեսակները ռեալ կրելու՝ հնարավորություն ընձեռելով կյանքի ծանր պայմաններից և հանգամանքների բերումով առաջին անգամ հանցանք կատարած անձանց ուղղվելու համար հնարավորինս մեղմ դատավճիռ կայացնել:

ՙՊատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն:

Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

«Պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է նաև հանցավորի դրսևորած վարքագիծը կատարած հանցագործությունից հետո»,-նշում է փաստաբանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել