Կառավարությունն այսօր հավանություն է տվել կառավարության աշխատակազմում նոր բաժին ստեղծելու որոշմանը: Որոշման նախագիծը ներկայացվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից:
Որոշումը հիմնավորվում է այսպես.
«Կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 726-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ նպատակահարմար է համարվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին ստեղծել:
Նշված վարչությունը հանդիսանալով նախարարության զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին: Հաշվի առնելով վերջին տարիներին պետական մարմիններում զորահավաքային մարմինների ստեղծման և զորահավաքային գործընթացների ակտիվության արդյունքում երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների բարելավման գործընթացը և դրա կատարելագործման անհրաժեշտությունը` շահագրգիռ մարմինների (այդ թվում՝ նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի գլխավոր ռազմական տեսչության) հետ քննարկումների արդյունքում որոշվեց առավել ակտիվ գործունեություն իրականացնել զորահավաքային մարմինների կողմից, որոնց համակարգման և օժանդակման համար, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության քաղաքականության մշակման և դրան հարակից խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի 6 հոգանոց բաժին»: