Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չի խոչընդոտում փաստաբանների գործունեությանը. ՔԿՎ

Փետրվարի 15-ին զանգվածային լրատվության միջոցներով չորս փաստաբաններ հայտարարություն են տարածել այն մասին, թե «քրեակատարողական հիմնարկներում իրենց նկատմամբ կիրառվում կամ գործադրվում են օրենքից դուրս և կամայական սահմանափակումներ, ստեղծվում ոչ իրավաչափ և արհեստական խոչընդոտներ, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ կարգով իրականացնել մեր մասնագիտական գործունեությունը»: Այս մասին հայտնում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայտարարությամբ հնչեցված կարծիքների կապակցությամբ պարզաբանում ենք, որ քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և որևէ կերպ չի խոչընդոտում փաստաբանների գործունեությանը:

Տվյալ դեպքում վիճարկվող իրավահարաբերությունները հստակ կանոնակարգված են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2006թ-ի օգոստոսի 3-ի «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ:

Այսպես՝ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնցով սահմանվում է այդ թվում նաև տեսակցությունների տրամադրման կարգը:

ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման 88-րդ կետով սահմանվում է. «Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի (N 2 ձև) ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ և առգրավումներ»:

Կանոնակարգի 90-րդ կետի համաձայն` «Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը»: Այս ասպեկտում հարկ է հիշատակել նաև Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված օրենսդրական պահանջը, համաձայն որի «Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար»:

Ի դեպ, փաստենք նաև նախականխման դեպքերի մասին ևս, երբ քրեակատարողական ծառայողների աչալրջության արդյունքում կանխվել են պաշտպանների կողմից քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի (այդ թվում` բջջային հեռախոսներ, թմրանյութեր և այլն) ապօրինի ներթափանցման մի շարք փորձեր:

Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ պաշտպանի հետ հանդիպումից անմիջապես հետո օրենքով սահմանված կարգով խուզարկության ենթարկված կալանավորված անձի մոտից հայտանաբերվել են բջջային հեռախոս կամ այլ արգելված իրեր այն դեպքում, երբ մինչև տեսակցությունը կալանավորված անձի մոտ արգելված իր հայտնաբերված չի եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել