Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Սլավիկ Պողոսյանի հետ հարցազրույցը.
-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:
-Երեք հիմնական ուղղություններն են՝
1. Փաստաբանի օգնականի ինստիտուտի զարգացման ուղղված քայլեր ձեռնարկում,
2.Փաստաբանության ոլորտում («շուկայում») «պահանջարկ-առաջարկ» ողջամիտ հարաբերակցության վերականգնմանն ուղղված քայլերի ձեռնարկում,
3.Կարգապահական վարույթի և ֆինանսական շրջանառության ոլորտներում առաջացած հիմնախնդիրների ուսումնասիրություն, պատճառների վերհանում և համապատասխան լուծումների առաջարկում:
-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:
-Ինչպես գիտենք, ֆինանսական չարաշահումների դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Հուսով եմ, վարույթն իրականացնող մարմինները կիրականացնեն բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն, և շարաշահումների բացահայտման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
-Անկեղծ ասեմ, դեռևս չեմ ուսումնասիրել պալատի ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության խնդիրը, ուստի չեմ կարող կարծիք հայտնել: Պալատի Ֆինանսական հաշվետվողականության վերաբերյալ նշեմ, որ, կարծում եմ, անհրաժեշտ է նախևառաջ կատարել որոշակի օրենսդրական փոփոխություններ: Այսպես, Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն է հաստատում փաստաբանների պալատի տարեկան բյուջեն՝ փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ, մինչդեռ պալատի խորհրդին տրված չէ լիազորություն հաստատել տարեկան բյուջեի կատարողականը կամ մերժել դրա հաստատումը: Կարծում եմ, այս առումով խաթարված է խորհրդի՝ ֆինանսական վերահսկողություն իրականացնելու գործառույթը, ուստիև խորհրդին պետք է տրվի նաև տարեկան բյուջեի կատարողական հաստատելու լիազորություն: