Պետք է վերականգնել Փաստաբանների Պալատի լուծարված կարգապահական հանձնաժողովը. Էդուարդ Աղաջանյանը

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Մեզ հետ զրույցում իր դիրքորոշումն է ներկայացրել փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Իմ կարծիքով, ներկա փուլում  ՀՀ Փաստաբանների Պալատի Խորհրդի անդամի որևէ թեկնածուի կողմից խոսել իր նախընտրական ծրագրերի, առավել ևս՝ ընտրվելուց հետո այդ ծրագրերը  իրականացնելու խոստումների մասին, առնվազն իրատեսական չէ:

Քանի որ Փաստաբանների Պալատի խորհուրդը, դա միանձնյա մարմին չէ, որտեղ հաղթած թեկնածուն կարող է միանձնյա որոշումներ կայացնել, այդ թվում նաև ինքնուրույն իրականացնել իր նախընտրական ծրագրերն ու խոստումները: Փաստաբանների պալատի Խորհուրդը, դա կոլեգիալ մարմին է, որը բաղկացած է 12 անդամներից, որտեղ որոշումները ընդունվում են քվերարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

Ուստի, խորհրդի անդամի յուրաքանչյուր թեկնածուի  նախընտրական ծրագրի կամ խոստումի իրականացումը, կախված է ոչ այնքան իրենից, այլ դրանից, թե ովքեր են իր հետ միասին ընտրվելու Խորհրդի կազմում, ինչ դիրքորոշումներ ունեն իրենք այս կամ այն հարցի շուրջ, փաստաբանների որ խումբը կամ խմբավորումն են ներկայացնում, ինչ տեսակետներ ունեն  և այլն…

Այս առումով գտնում եմ, որ ներկա փուլում ավելի նպատակահարմար է խոսել ոչ թե նախընտրական ծրագրերի կամ դրանք իրականացնելու խոստումների, այլ այն պրոբլեմների և խնդիրների մասին, որոնք յուրաքանչյուր թեկնածու, ընտրվելու դեպքում  պատրաստ է բարձրաձայնել  նորընտիր խորհրդի նիատերի ընթացքում:

Դրանք, ըստ ինձ՝ մի քանիսն են՝

ա. Այսուհետ նպաստել  պալատի  նորընտիր  Խորհրդի  կազմում  ընտրված՝ տարբեր տեսակետներ ունեցող և տարբեր փաստաբանական խմբավորումներ ներկայացնող փաստաբանների միջև փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և աշխատանքային համերախշության  մթնոլորտի ձևավորմանը….

բ. Պալատի խորհրդում քննության առարկա դարձնել  ՀՀ Փաստաբանների պալատում կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը և պայմանները փոփոխելու հարցը: Վերականգնել ժամանակին ինչ-ինչ պատճառներով լուծարված ՀՀ Փաստաբանների Պալատի կարգապահական հանձնաժողովը, և Պալատի խորհրդի ներկայիս ծանրաբեռնվածությունը, թեթևացնելու համար, կարգապահական վարույթ իրականացնելու գործառույթները, փոխանցել ՀՀ ՓՊ կարգապահական հանձնաժողովին՝ պալատի Խորհրդին թողնելով միայն կարգապահական հանձնոժողովի  որոշումների դեմ բերված բողոքները քննության առնելու  իրավասությունը:

գ. Պալատի խորհրդում քննության առարկա դարձնել Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածության խնդիրը: Սահմանել համապատասխան չափանիշներ, թե յուրաքանչյուր փաստաբան /հանրային պաշտպան/  որքան գործ կարող է միաժամանակ ունենալ իր վարույթում, որպեսզի այդ գործերի քանակը չազդի մուտուցվող ծառայությունների որակին:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Քանի որ այդ հարցի վերաբերյալ չունեմ ամբողջական տեղեկատվություն, ուստի այս պահին չեմ կարող դիրքորոշում հայտնել կամ որևէ լուծում առաջարկել: Առավել ևս, որ նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, որի ավարտից հետո միայն կարելի է որոշակի եզրագանգումներ կատարել, թե արդյոք Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումներ տեղի ունեցել են, թե ոչ:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Փաստաբաների պալատում ֆինանսական միջոցները անարդյունավետ ծախսելու դեպքեր ինձ հայտնի չեն:

Ինչ վերաբերվում է Պալատի  ֆինանսական հաշվետվողականությանը ու թափանցիկությանը, ապա, որքանով ինձ հայտնի է, նշված հարցը  մի քանի անգամ բարձրացվել է Պալատի խորհրդի գործող և նախկին մի քանի անդամների կողմից, որոնք, <ի պաշտոնե>  պետք է որ տեղյակ լինեին Պալատի ֆինանսական գործունեության մասին, քանի որ Պալատի տարեկան բյուջեն, ծախսերը, և ֆինանսական այլ գործունեությունը, հաստատվում են Խորհրդի կողմից:

Ուստի, եթե այս հարցը բարձրացնում են հենց խորհրդի  որոշ անդամներ, որոնք կարծես թե պետք է առաջին հերթին տեղյակ լինեին դրա մասին, ապա դա նշանակում է, որ այս հարցում այնուամենայնիվ կան որոշակի պրոբլեմներ, որոնք անպայման պետք է քննության առարկա դառնան նորընտիր Խորհրդի կողմից:

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել