Փաստաբանների համախմբում և բոլորիս ջանքերի կենտրոնացում կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ. Արմեն Ֆերոյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Արմեն Ֆերոյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Ես փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններին մասնակցում եմ «պարտադրված արդարություն» գաղափարախոսությամբ: Այս գաղափարախոսության շուրջն է ամբողջությամբ համախմբում իմ բոլոր այն տեսլականները, որոնցով ես փորձում եմ պատկերացնել փաստաբանական համայնքի հետագա զարգացումը: Այն իրենից ներկայացնում է նախ և առաջ բոլոր փաստաբանների համախմբում և բոլորիս ջանքերի կենտրոնացում կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Նմանատիպ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շարքում իր կարևորությամբ, անկասկած, առանձնանում է այն, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը ևս շատ ակտիվ ու վճռորոշ դերակատարում պետք է ունենա շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման ուղղությամբ: Այս առումով անհրաժեշտ է կոնկրետ անձանց շահերի պաշտպանությամբ միջազգային դատական ատյաններում քննարկման առարկա դարձնել Արևմտյան Հայաստանում այդ անձի ունեցած սեփականության իրավունքի խախտման հանգամանքը և անձնվիրաբար աշխատանքի ու անկոտրուն կամքի դրսևորմամբ ձգտել հասնելու ցանկալի արդյունքի:

Բացի այդ, առաջնորդվելով յուրաքանչյուր փաստաբանի իրավական խնդիրը սեփականը համարելու ոգով, պետք է աննահանջ պայքար մղել ակնհայտորեն անհիմն որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացրած կոնկրետ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կամ դատավորի դեմ: Այս առումով անհրաժեշտ է ոչ միայն նրանց գործողությունները, անգործությունը, որոշումներն ու դատական ակտերը միահամուռ ուժերով վերաքննության կարգով  շարունակաբար բողոքարկել, այլ նաև նույն ակտիվությամբ բողոքարկել այդ ակտերը կայացրած անձանց մասնագիտական գիտելիքներն ու վարքագիծը այն քննարկելու իրավասություն ունեցող մարմիններում: Նշվածն առավել ընկալելի դարձնելու նկատառումներից ելնելով՝ հարկ է նշել, որ եթե ակնհայտ անհիմն դատական ակտի բողոքարկմանը ակտիվորեն մասնակցեն բազմաթիվ փաստաբաններ, իսկ դատավորի մասնագիտական պատրաստվածությունն ու վարքագիծը շարունակաբար բողոքարկեն արդարադատության խորհրդում, ապա կարծում եմ, որ արդարադատության խորհուրդը որքան էլ չցանկանա, ի վերջո չի կարողանա հաշվի չառնել փաստաբանների խիստ ընդգծված համընդհանուր դժգոհությունը տվյալ դատավորի մասնագիտական գիտելիքների և վարքագծի ուղղությամբ:

Բացի այդ, իր կարևորությամբ ցանկանում եմ առանձնացնել նաև այն, որ փաստաբանական համայնքը հետզհետե պետք է հնարավորինս ավելի մեծ ներգրավվածություն ունենա դատաիրավական բարեփոխումների գործընթացում և իր ակտիվ մասնակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերը դարձնի համընդհանուր քննարկման առարկա: Այս մոտեցման արդյունավետ իրականացման պայմաններում հնարավորինս կնվազեն այն բոլոր օրենսդրական խնդիրները, որոնց հաճախ բախվում են փաստաբանները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Վերոհիշյալ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը թեև սպառիչ չեն, սակայն այդուհանդերձ կցանկանայի որպես այդպիսիք առանձնացնել անհիմն կալանավորումը, գերակա հանրային շահի ճանաչման հետևանքով չնչին հատուցմամբ անձանց իրենց բնակարաններից վտարումը, ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով քաղաքացիների հետ բանկային գործարքների կատարումը, ճանապարհատրանսպորտային կամ հասարակության լայն շերտերին սպասարկող այլ կազմակերպությունների ոչ պատշաճ գործունեությունը և այլ նմանատիպ ուղղություններին վերաբերող հարցերը: Անշուշտ, վերոհիշյալ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի իրագործման ուղղությամբ քայլերն ինքնին ենթադրում են բավականին մեծ ջանքերի ներդնում, որն հնարավոր է իրականացնել բացառապես փաստաբանների հնարավորինս առավել համախմբման արդյունքում: Խիստ կարևորելով փաստաբանների համախմբման հանգամանքը, պետք է փաստել նաև այն որ, ինչպես պետական մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներին, այնպես էլ բազմաթիվ պետական և ոչ պետական կազմակերպություններին պարզապես ձեռնտու չէ փաստաբանների համախմբման հանգամանքը, քանի որ այդ համախմբման արդյունքում փաստաբանները նախ և առաջ պայքարելու են հենց իրենց դեմ, հետևաբար հաճախ փորձեր են արվելու հնարավորինս պառակտել փաստաբանական համայնքը: Այս հանգամանքի լույսի ներքո, գտնում եմ, որ պետք է դատապարտենք փաստաբանական համայնքը պառակտելուն ուղղված ցանկացած գործողություն և այդ պառակտման անհաջող փորձերից համապատասխան դատողություններ անելով էլ ավելի միավորենք մեր բոլորիս ջանքերը վերոհիշյալ ռազմավարական հարցերի իրագործման ուղղությամբ:  

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

– Ցանկանում են նշել, որ, ինչպես հայտնի է, այդ հարցը քննարկվում է ինչպես դատարանում, այնպես էլ հետաքննչական մարմնում, հետևաբար, այդ հարցին գնահատականներ տալուց կփորձեմ ձեռնպահ մնալ՝ ակնկալելով, որ այդ հարցին պաշտոնական պատասխան, ի վերջո, կտրվի վերոհիշյալ մարմինների կողմից:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Կցանկանայի նշել, որ իմ կողմից այդ ծախսերի արդյունավետության հանգամանքը որևէ ուսումնասիրության չի ենթարկվել, հետևաբար այդ մասով որևէ դիրքորոշում չեմ կարող հայտնել:  

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել