ՓՊ-ն պետք է հետևողականորեն նպաստի երիտասարդ փաստաբանների զբաղվածության որոշակի մակարդակի ապահովմամբ. Զորայր Հարությունյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Մեզ հետ զրույցում իր դիրքորոշումն է ներկայացրել փաստաբան Զորայր Հարությունյանը:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

– Հարկ եմ համարում նշել, որ իմ կարծիքով Պալատում լուծման ենթակա խնդիրները շատ են։ Ընդհանուր առմամբ նախընտրական ծրագրիս մի մասը արտահայտվում է հետևյալ հարցերում, սակայն չի սահմանափակվում դրանցով։ Նախ, կարծում եմ՝ երիտասարդ փաստաբանների խնդիրները ըստ էության անտեսվում են Պալատի կողմից։ Այսօր բազմաթիվ երիտասարդ փաստաբանների հարաբերությունները Պալատի հետ սահմանափակվում են անդամավճարի մուծմամբ և վերապատրաստման դասընթացներին պարտադրողական մասնակցությամբ։ Նշվածը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ըստ էության երիտասարդ փաստաբանները երբևէ ներկայացված չեն եղել խորհրդի կազմում։ Կարծում եմ, որ նոր արտոնագրված փաստաբանի հարաբերությունները Պալատի հետ չպետք է սահմանափակվեն նշված ֆորմատով, այլ Պալատը՝ տրամադրելով փաստաբանական գործունեության արտոնագիր, առնվազն պետք է հետևողականորեն նպաստի երիտասարդ փաստաբանների զբաղվածության որոշակի մակարդակ ապահովելով։ Նշվածը կարող է նպաստել նաև հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքային ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Նմանօրինակ մեխանիզմների անհրաժեշտության մասին նախորդ ընտրությունների ժամանակ խոսվել է, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ կյանքի չի կոչվել:

Երկրորդ, կարծում եմ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ առկա է վերանայման անհրաժեշտություն։ Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի կանխվի փաստաբանության զարգացման հետ ոչ մի կապ չունեցող և որոշ դեպքերում նաև փաստաբանության համար վտանգ ներկայացնող կարգավորումների օրենսդրական ամրագրումը։ Մասնավորապես՝ նշվածը վերաբերում է այդ նախագծից փաստաբաններից անդամավճարները կանխավճարի ձևով գանձելու, կարգապահական խախտումների համար պատասխանատվության վաղեմության ժամկետների երկարացման, փաստաբանին արտոնագրից զրկելու գործընթացի դյուրինացման, կարգապահական վարույթները նախապատրաստող անձանց Պալատի նախագահի կողմից նշանակելու, արտոնագրի կասեցումները անժամկետ դարձնելու և մի շարք այլ դրույթներհանելուն:

Երրորդ, կարծում եմ Պալատի ղեկավար մարմինների միջև անհրաժեշտ է ստեղծել զսպումների և հակակշիռների մեխանիզմ: Դրա անհրաժեշտությունը կարծում եմ անվիճարկելի է և հավելյալ հիմնավորման կարիք չունի: Այս պահին առկա են որոշակի կարգավորումներ որոնք այդպիսի մեխանիզմի առկայության պատրանք են ստեղծում, ինչը բնականաբար բավարար չէ: Անհրաժեշտ է իրական, գործող և արդյունավետ աշխատող մեխանիզմ:

Ինչպես նշեցի խնդիրները շատ են, դրանց թվարկումը կարող է բավականին երկար տևել, սակայն պետք է առանձնացնել ևս մեկը։

Իմ խորին համոզմամբ փաստաբանը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև հոգեվիճակ՝ անկախ և ազատամիտ մարդու հոգեվիճակ: Ուստի անհրաժեշտ եմ համարում իսպառ բացառել Պալատի կողմից այնպիսի գործողությունների կատարման հնարավորությունը, որոնք հակասում են մեր մասնագիտության բուն էությանը:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

– Եթե կան այդպիսի դեպքեր, դրանք պետք է վերհանվեն, ուսումնասիրվեն, մեղավոր անձիք կանչվեն պատասխանատվության, իսկ Պալատի կրած վնասը վերականգնվի: Այլ ճանապարհ քան անկախ աուդիտի (այլ անհրաժեշտ ստուգումների) նշանակումը, դժվար է պատկերացնել:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Կարծում եմ, որ արդի օրվա պայմաններում անհնար է գնահատել ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը: Կարծիքս պայմանավորված է Պալատի գործունեության «գաղտնիությամբ»: Ինչպես նշեցի, առավել թափանցիկ գործունեություն ապահովելու նպատակով անհրաժեշտ են անկախ աուդիտների և ստուգումների նշանակումներ, որոնց արդյունքները պետք է հրապարակվեն: Միևնույն ժամանակ, կարծում եմ յուրաքանչյուր փաստաբան, ով հետաքրքրված է Պալատի գործունեության որևէ ճյուղով և համապատասխան հարց է հղում Պալատի իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին, պետք է ստանա իր հարցի պատասխանը, իսկ պատասխան տրամադրելու մերժումը պետք է հստակ հիմնավորված ու պատճառաբանված լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել